հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մինչև Թուրքիայում նախագահական ընտրությունները Պուտինի և Էրդողանի փոխադարձ այցեր չեն նախատեսվում. Չավուշօղլու

Մինչև Թուրքիայում նախագահական ընտրությունները Պուտինի և Էրդողանի փոխադարձ այցեր չեն նախատեսվում. Չավուշօղլու

Սիրիայի խնդրի շուրջ Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է կայանալ մայիսի սկզբին Մոսկվայում: Այս մասին A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ նախարարները հանդիպմանը կքննարկեն այդ երկրների ղեկավարների բանակցությունների նախապատրաստումը:

«Քառակողմ հանդիպումների նպատակը Սիրիայում կարգավորման մեխանիզմների, մասնավորապես՝ Աստանայի գործընթացի կարգավորումն ու վերականգնումն է։ Դրա շրջանակներում նախկինում քայլեր են արվել, սակայն արդյունքներ չեն արձանագրվել։ Բացի դրանից՝ ճանապարհային քարտեզը, որի վրա աշխատում են քառակողմ բանակցությունների մասնակիցները, ենթադրում է նաև առաջնորդների հանդիպում»,- ասել է Չավուշօղլուն:

Նա նաև տեղեկացրել է, որ մինչև Թուրքիայում նախագահական ընտրությունները Վլադիմիր Պուտինի այց Թուրքիա և Ռեջեփ Թայիփ Էրդողանի այց Ռուսաստան չեն նախատեսվում:

Չավուշօղլուն նշել է, որ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի մոտալուտ բանակցությունների հարց դեռևս չի քննարկվում: Նա կոչ է արել սպասել Սիրիայի հարցով քառակողմ մեխանիզմի աշխատանքի արդյունքներին։

 

  • Կիսվել: