Մինչև 2028 թ. Ռուսաստանից նավթի և գազի ներմուծումը փուլ առ փուլ կդադարեցվի. ԵՄ դեսպանները համաձայնության են եկել
Եվրոպական միության դեսպանները համաձայնության են եկել մինչև 2028 թվականը Ռուսաստանից նավթի և գազի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու ծրագրի շուրջ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին:
Նշվում է, որ մատակարարումների աստիճանական դադարեցումը կսկսվի 2026 թվականի հունվարից, երբ կարգելվի ռուսական գազի ներմուծումը նոր պայմանագրերով: 2026 թվականի հունիսից սահմանափակումը կվերաբերի նաև կարճաժամկետ պայմանագրերին, իսկ 2028 թվականի հունվարից ուժի մեջ կմտնի երկարաժամկետ պայմանագրերով մատակարարումների լիակատար արգելքը:
Ըստ Reuters-ի աղբյուրների՝ փաստաթուղթը նպատակ ունի Կրեմլին զրկել Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համար օգտագործվող էներգետիկ եկամուտներից:
Եվրոպացի դիվանագետները նաև հայտնել են, որ ԵՄ անդամ գրեթե բոլոր պետություններն աջակցել են նախաձեռնությանը, բացի Հունգարիայից և Սլովակիայից, որոնք քննադատել են փաստաթուղթը, քանի որ նրանց տնտեսությունները շարունակում են կախված լինել ռուսական էներգակիրներից:
Սակայն, ըստ աղբյուրների, օրենքի նախագիծը կպարտավորեցնի այդ երկրներին մշակել ազգային ծրագրեր՝ մինչև 2028 թվականը Ռուսաստանից նավթի և գազի ներմուծումը լիովին դադարեցնելու համար:


