Միջերկրական ծովը հատելու փորձի ժամանակ առնվազն 18 միգրանտ է զոհվել Հունաստանի ափերի մոտ
Առնվազն 18 միգրանտ, որոնք փորձում էին հատել Միջերկրական ծովը փչովի նավակով, զոհվել են, երբ այն շրջվել է Կրետե կղզուց հարավ: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ կիսախորտակված նավակը շաբաթ օրը հայտնաբերել է կողքով անցնող թուրքական առևտրային նավը:
Երկու հոգու հաջողվել է փրկել, մյուսների որոնման փրկարարական գործողությունը շարունակվել է։
Երկրի իշխանություններին դեռ հայտնի չէ, թե որ երկրից են ժամանել միգրանտները։
Հունաստանը Եվրոպական միություն մուտքի հիմնական կետն է Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի հակամարտություններից ու աղքատությունից փախչող մարդկանց համար, և պատահարները սովորական երևույթ են։


