Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Չեխիան, Շվեդիան և Կանադան կանչել են իրենց երկրներում ՌԴ-ի դեսպաններին
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք ԱԹՍ-ներով ներխուժելու կապակցությամբ:
«Անցյալ շաբաթ ռուսական անօդաչու սարքերիով Լեհաստանի և ՆԱՏՕ-ի օդային տարածքի զգալի և աննախադեպ խախտումը, որին հաջորդել է շաբաթ օրը Ռումինիայի օդային տարածք ներխուժումը, լիովին անընդունելի է»,- պարզաբանել են նախարարությունում։
ՆԱՏՕ-ի այլ երկրներ, դրանց թվում՝ Նիդեռլանդները, Ֆրանսիան, Չեխիան, Շվեդիան և Կանադան, ևս կանչել են Ռուսաստանի դեսպաններին՝ միջադեպի կապակցությամբ բողոքելու համար։
Ռումինիայի ԱԳՆ-ն երկու անգամ կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ Լեհաստանի օդային տարածք անօդաչու սարքով ներխուժելուց և Ռումինիայում անօդաչու թռչող սարքի հայտնաբերումից հետո։
Ռումինիայում Ռուսաստանի դեսպանատունը երկրորդ կանչից հետո հայտարարել է, որ զրույցի ընթացքում « Ռումինիայի օդային տարածք ենթադրաբար թռչող անօդաչու թռչող սարքի նույնականացմանն առնչվող որևէ հարցի ոչ մի կոնկրետ և համոզիչ պատասխան չի տրվել»։ Դեսպանը, ըստ մամուլի հաղորդագրության, ենթադրել է, որ «իրականում Կիևի ռեժիմը դիտավորյալ սադրանք է արել»։
Հիշեցնենք, որ Լեհաստանը սեպտեմբերի 10-ի գիշերն առաջին անգամ իր երկնքում խոցել է ռուսական անօդաչու թռչող սարքեր։ Ի պատասխան՝ ՆԱՏՕ-ն սկսել է Eastern Sentry գործողությունը։


