կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինի պետությունը, եթե Իսրայելը չկատարի մի շարք պայմաններ. Սթարմեր

Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինի պետությունը, եթե Իսրայելը չկատարի մի շարք պայմաններ. Սթարմեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնը մտադիր է ճանաչել Պաղեստին Պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, եթե «Իսրայելի կառավարությունը նշանակալի քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակին վերջ տալու համար»։ Այս մասին հայտնում է BBC-ն:

Սթարմերը պարզաբանել է, որ Իսրայելը պետք է համաձայնի հրադադարին և պարտավորվի աշխատել կայուն խաղաղ գործընթացի վրա՝ ակտիվացնելով «երկու պետություն երկու ժողովուրդի համար» հեռանկարը:

Բացի դրանից՝ Իսրայելը պետք է թույլ տա ՄԱԿ-ին՝ մարդասիրական օգնություն տրամադրել պաղեստինցիներին և զերծ մնա Արևմտյան ափի տարածքների անեքսիայից։

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի մնացած պատանդներին, համաձայնի հրադադարին, վայր դնի զենքերը և ընդունի, որ խմբավորումը որևէ դեր չի ունենալու Գազայի հատվածի կառավարման գործում։

Սթարմերի գրասենյակը հայտնել է, որ «պաղեստինյան պետության ճանաչումը չի փոխի իրավիճակը տեղում»։ Այդ պատճառով Մեծ Բրիտանիան մտադիր է Հորդանանի հետ համատեղ օդով հումանիտար բեռներ հասցնել Գազայի հատված, ինչպես նաև բրիտանական հիվանդանոցներ տեղափոխել վիրավոր պաղեստինցի երեխաներին։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ողջունել է Մեծ Բրիտանիայի որոշումը Պաղեստին Պետության ճանաչման հարցում:

Եթե Մեծ Բրիտանիան նման որոշում կայացնի, նա կդառնա երկրորդ արևմտյան տերությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Ֆրանսիայից հետո: Դա արտացոլում է Իսրայելի խորացող մեկուսացումը՝ կապված Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ նրա գործողությունների հետ, ինչի հետևանքով հումանիտար աղետ է բռնկվել, և պաղեստինցիների զոհերի թիվը գերազանցել է 60000-ը, գրում է Reuters-ը:

  • Կիսվել: