հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մեծ Բրիտանիան դադարեցրել է ԱՄՆ-ին հետախուզական տվյալներ տրամադրել. աղբյուր

Մեծ Բրիտանիան դադարեցրել է ԱՄՆ-ին հետախուզական տվյալներ տրամադրել. աղբյուր

Մեծ Բրիտանիան դադարեցրել է ԱՄՆ-ի հետ Կարիբյան ավազանում թմրանյութերի ծովային կասկածելի ապօրինի շրջանառության վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակումը: Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պատ-առը, ըստ նրանց, այն է, որ Լոնդոնը նավերին ԱՄՆ ռազմական հարվածներն օրինական չի համարում և չի ցանկանում մասնակից լինել դրանց:

Աղբյուրները նաև հայտնել են, որ հետախուզական տվյալների փոխանցումը դադարեցվել է ավելի քան մեկ ամիս առաջ։

Նրանց խոսքով՝ Մեծ Բրիտանիան, որը հետախուզական ուժեր ունի Կարիբյան ծովում իրեն պատկանող որոշ տարածքներում, «երկար տարիներ օգնել է ԱՄՆ-ին հայտնաբերել ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավեր, դրանց հետագա ձերբակալման համար»:

ԱՄՆ-ի հարվածներից հետո, որոնք հանգեցրել են 76 մարդու մահվան, Մեծ Բրիտանիան եզրակացրել է, որ ամերիկյան զինված ուժերը կարող են բրիտանական հետախուզության տվյալներն օգտագործել թիրախներ ընտրելու համար: Ընդ որում՝ Լոնդոնը նման հարձակումները համարել է միջազգային իրավունքի խախտում։

ԱՄՆ-ն Կարիբյան ծովի ավազանում զինված ուժերի խոշոր խմբավորում է կենտրոնացրել։ Պուերտո Ռիկոյի ամերիկյան տարածքում գտնվող ռազմակայաններում տեղակայված են կործանիչներ, հարվածային դրոններ, ուղղաթիռներ և պարեկային հակասուզանավային ինքնաթիռներ: Կարիբյան ծովում՝ Վենեսուելայից հյուսիս, գործում են ռազմանավերի խմբավորում և սուզանավ, որոնք համալրված են Tomahawk թևավոր հրթիռներով: Բացի այդ, տարածաշրջանում կա երեք խոշոր դեսանտային նավերից բաղկացած խումբ՝ 3 հազար ծովային հետևակայիններով, հատուկ գործողությունների ուժերի բազա և առափնյա պահպանության մոտորանավակներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն էր հրամայել իր երկրի անվտանգության ուժերին դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը ԱՄՆ-ի հետ՝ նավերի վրա հարձակումների պատճառով:

  • Կիսվել: