երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանը ոչ միայն սպառնում է Ուկրաինային, այլև ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ռուսաստանը ոչ միայն սպառնում է Ուկրաինային, այլև ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Նոր հայտարարությունները միայն շարունակում են այն ագրեսիվ հռետորաբանությունը, որը մենք տեսել ենք Ռուսաստանի կողմից հատկապես վերջին շաբաթների ընթացքում։ Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ անդրադառնալով զսպող ուժերը հատուկ ռեժիմի բերելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

«Նրանք ոչ միայն սպառնում են Ուկրաինային, այլև ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներին, և պահանջում, որ մենք հեռացնենք մեր բոլոր ուժերը դաշինքի արևելյան շրջաններից։ Սա ընդամենը դրա մի մասն է և ընդամենը ընդգծում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների միասնականության կարևորությունը, և հենց դա էլ պատրաստվում ենք անել»,- ասել է նա։

«Ես բացարձակապես վստահում եմ նախագահ Զելենսկիի հայտարարություններին, որ նա պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ և քաղաքական լուծում գտնել, ՆԱՏՕ-ն աջակցում է քաղաքական լուծում գտնելու բոլոր ջանքերին։ Միաժամանակ դեռ պետք է տեսնենք, թե արդյոք Ռուսաստանը իրականում ցանկանում է փոխզիջման գնալ, ինչպես նաև հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը»,- նշել է գլխավոր քարտուղարը՝ արձագանքելով բանակցություններ սկսելու մասին տեղեկություններին։  

Սթոլթենբերգը վտանգավոր հռետորաբանություն և անպատասխանատու գործելակերպ է անվանել միջուկային զենքի կիրառման մասին հայտարարությունները։

«Եթե համադրենք այս հռետորաբանությունը այն գործողությունների հետ, որ նրանք իրականացնում են ցամաքում՝ Ուկրաինայում՝ պատերազմ մղելով երկրի անկախության դեմ, սա ավելի է ընդգծում իրավիճակի լրջությունը։ Դա է պատճառը, որ մենք աջակցում ենք Ուկրաինային, ինչպես նաև վերջին ամիսներին զգալիորեն ավելացրել ենք ՆԱՏՕ-ի ներկայությունը դաշինքի արևելյան շրջաններում։ Այսինքն, մենք պետք է գիտակցենք, որ բախվել ենք մեր անտանգության «նոր նորմալի» և պետք է կատարենք երկարաժամկետ հետևություններ, և սա միայն ադապտացիայի սկիզբն է, որ մենք պետք է իրականացնենք ի պատասխան ավելի ագրեսիվ Ռուսաստանի»,- շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ռազմական օգնության մասին հարցին ի պատասխան Սթոլթենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ուկրաինային տրամադրել հակաօդային պաշտպանության և հակատանկային հավելյալ միջոցներ։

«Մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ջանքերին՝ օգնելով նրանց արդիականացնել պաշտպանության և անվտանգության հաստատությունները ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխանեցնելու, կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Բայց վերջին հաշվով ՆԱՏՕ-ում որոշումների կայացման համար անհրաժեշտ է ստանալ դաշնակիցների համաձայնությունը։ Եվ մեր ուղերձն է Ռուսաստանին, որ Ուկրաինան պետք է որոշի անդամակցության հարցը, և դաշինքի անդամները պետք է գնահատեն, թե արդյոք Ուկրաինան համապատասխանում է դաշինքի անդամ դառնալու չափանիշներին։ Քանի դեռ Ուկրաինան դաշինքի անդամ չէ, այն մնում է շատ կարևոր գործընկեր, և մենք կշարունակենք աջակցել նրանց»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, պատասխանելով հարցին, թե ինչու չնայած Ուկրաինայի ջանքերին՝ այն դեռ դաշինքի անդամ չի դարձել։

  • Կիսվել: