շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփն Ուկրաինային թույլատրել է Patriot հրթիռներ արտադրել, սակայն արտադրության գործարկումը կարող է մեկ տարի տևել․ Reuters

Թրամփն Ուկրաինային թույլատրել է Patriot հրթիռներ արտադրել, սակայն արտադրության գործարկումը կարող է մեկ տարի տևել․ Reuters

Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար ամերիկյան հրթիռներ արտադրելու թույլտվության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը քաղաքական հաղթանակ է եղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար, սակայն արտադրության գործարկումը կարող է տևել առնվազն մեկ տարի. այսպիսի կարծիք ունեն պաշտպանական ոլորտի փորձագետները, հաղորդում է Reuters գործակալությունը:

Մասնագետների տվյալներով՝ մինչև սեփական արտադրության մեկնարկը Կիևը շարունակելու է բախվել Patriot համալիրների որսիչ հրթիռների սուր դեֆիցիտին: Սա ուկրաինական ղեկավարությանը ստիպում է ընտրություն կատարել, թե ռուսական շարունակվող հարվածների ֆոնին որ օբյեկտները, այդ թվում՝ քաղաքներն ու էներգետիկ ենթակառուցվածքները, պետք է պաշտպանել առաջնահերթ կարգով:

Թրամփի հայտարարությունը հնչել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Զելենսկու հետ ունեցած հանդիպումից հետո և երկու առաջնորդների հարաբերություններում նկատելի փոփոխություն է արձանագրել 2025 թվականի փետրվարին Սպիտակ տանը տեղի ունեցած նրանց կոշտ հակամարտությունից հետո:

Patriot համակարգերը առանցքային դեր են խաղում Ուկրաինայի պաշտպանության գործում, քանի որ սա Կիևի սպառազինության մեջ գտնվող միակ համալիրն է, որն ընդունակ է արդյունավետորեն որսալ ռուսական բալիստիկ հրթիռները: Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը, չնայած ռազմադաշտում առաջխաղացման տեմպերի դանդաղեցմանը, փորձում է օգտագործել հրթիռային ոլորտում իր առավելությունը՝ ուկրաինական քաղաքներին հարվածներ հասցնելու համար:

Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ ամերիկյան նախագահի խոստումը դեռևս անորոշ է մնում: Թրամփը չի հստակեցրել հնարավոր արտադրության մանրամասները և խոստովանել է, որ այս հարցը դեռ ուղղակիորեն չի քննարկել հրթիռներ արտադրող ընկերությունների հետ:

Այս նախաձեռնության իրագործման դեպքում Ուկրաինայից ժամանակ կպահանջվի արտադրական հզորություններ ստեղծելու, մատակարարման շղթաները պատրաստելու և նման բարդ հրթիռային համակարգերի թողարկումը կազմակերպելու համար:

  • Կիսվել: