Marinera նավթատարի կալանման գործողության ժամանակ Մեծ Բրիտանիան գործուն աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ-ին. Հիլի
Հյուսիսային Ատլանտիկայում ռուսական դրոշի ներքո նավարկող Marinera նավթատարի կալանման գործողության ժամանակ Մեծ Բրիտանիան գործուն աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ-ին: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր մեր զինված ուժերը հմտություն և պրոֆեսիոնալիզմ են դրսևորել՝ աջակցելով ԱՄՆ ուժերի կողմից Bella 1 (Marinera նավթատարի նախկին անվանումը) նավի հաջող գրավմանը։ Այն ուղևորվում էր Ռուսաստան»:
Հիլիի խոսքով՝ այսօր՝ հունվարի 7-ին, իրականացված գործողությունը պատժամիջոցների խախտումների դեմ պայքարի համընդհանուր ջանքերի մի մասն էր։
«Կասկածելի պատմություն ունեցող այս նավը պատժամիջոցների շրջանցման ռուս-իրանական առանցքի մի մասն է։ Մեծ Բրիտանիան կշարունակի ակտիվացնել իր գործողությունները «ստվերային նավատորմի» գործունեության դեմ՝ մեր ազգային անվտանգության, մեր տնտեսության և համընդհանուր կայունության պաշտպանության համար՝ ապահովելով Մեծ Բրիտանիայի անվտանգությունը երկրի ներսում և նրա ուժը արտասահմանում»,-ասել է նա:


