շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մամեդովը եւ Օլսոնը քննարկել են խաղաղության գործընթացն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ

Մամեդովը եւ Օլսոնը քննարկել են խաղաղության գործընթացն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էրիկա Օլսոնի հետ, կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։

«Մամեդովը եւ Օլսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում, Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը»,- տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Մամեդովն ընդգծել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ուստի խաղաղության պայմանագրի կնքման հիմնական նախաձեռնողն է։ «Նա նշել է, որ չնայած դրան, Հայաստանը խոչընդոտում է խաղաղության գործընթացին, այդ թվում Երեւանի վերջին սադրանքները սահմանին վնաս են հասցնում խաղաղության բանակցությունների միջազգային ջանքերին»,- ընդգծել է գերատեսչությունը։

Օլսոնն, իր հերթին, հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման եւ դրա համար խաղաղության պայմանագրի ստորագրման կարեւորության մասին։ Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ բանակցություններին։

 

  • Կիսվել: