Մակրոնը խորհրդակցություններ կանցկացնի նոր վարչապետի նշանակման շուրջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 2-ին Ելիսեյան պալատում կհյուրընկալի երկրի որոշ քաղաքական գործիչների՝ երկրի նոր վարչապետի նշանակման շուրջ խորհրդակցությունների շրջանակում։ Այս մասին հայտնում է Radio Franceinfo-ն։
Մակրոնի նստավայրում առաջիններից մեկը կընդունվի Ֆրանսիայի նախկին նախագահ (2012-2017) Ֆրանսուա Օլանդը, որն այս տարի կարողացել է ընտրվել Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ինչպես նշում է ռադիոկայանը, նա համարվում է երկրի վարչապետի հավանական թեկնածուներից մեկը, թեև նախկին նախագահը դեռ հունիսին հայտարարել էր, որ մտադիր չէ զբաղեցնել նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնը։ Նրանից բացի Ելիսեյան պալատ կայցելի նաև Ֆրանսիայի նախկին նախագահ (2007-2012) Նիկոլա Սարկոզին։ Երկուշաբթի օրը նախատեսվում է նաև Մակրոնի հանդիպումը Ֆրանսիայի նախկին վարչապետ Բեռնար Կազնյովի հետ։ Թեև այս վարկածի պաշտոնական հաստատում չկա, սակայն ֆրանսիական լրատվամիջոցները, վկայակոչելով նախագահին մոտ աղբյուրները, պնդում են, որ Մակրոնը լրջորեն դիտարկում է նրան որպես նոր կառավարության վարչապետի թեկնածու։
Իրավաբան և տնտեսագետ Կազնյովը 2012 թվականից զբաղեցրել է մի շարք նշանակալի պետական պաշտոններ, այդ թվում պատասխանատու է եղել բյուջեի համար: 2014 թվականի ապրիլին նշանակվել է ՆԳՆ ղեկավարի պաշտոնում։ Ֆրանսուա Օլանդի նախագահության ժամանակ, որը երկիրը ղեկավարել է 2012-2017 թվականներին, նա համարվում էր նրա ամենահավատարիմ կողմնակիցներից մեկը։ Նա քննադատում է «Անհնազանդ Ֆրանսիա» ձախ կուսակցության արմատական կուրսը և դեմ է դրա հետ Սոցիալիստական կուսակցության մերձեցմանը։