կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մակրոնը կաջակցի Կիևի համար ԵՄ սահմաններից դուրս զինամթերք գնելու՝ Պրահայի պլաններին․ Bloomberg

Մակրոնը կաջակցի Կիևի համար ԵՄ սահմաններից դուրս զինամթերք գնելու՝ Պրահայի պլաններին․ Bloomberg

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս շաբաթ, ամենայն հավանականությամբ, կհայտարարի, որ Փարիզը կաջակցի ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկրներում Ուկրաինայի համար զինամթերք ձեռք բերելու Չեխիայի առաջարկին: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների:

«Աղբյուրները նշել են, որ Գերմանիան, Նիդեռլանդները և Դանիան միացել են Ֆրանսիային՝ աջակցելու ԵՄ-ից դուրս արտադրված զինամթերք գնելու ծրագրին: Մակրոնն այդ գաղափարը կքննարկի Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ երեքշաբթի օրը` մարտի 5-ին, Պրահա ուղևորության ժամանակ», - հաղորդում է գործակալությունը։

Փետրվարին կայացած Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում Չեխիայի նախագահ Պետր Պավելը վստահեցրել էր, որ Պրահան տվյալներ ունի Կիևին մի քանի շաբաթվա ընթացքում 155 մմ տրամաչափի 500 հազար արկ և 122 մմ տրամաչափի 300 հազար արկ մատակարարելու հնարավորության մասին։ Սակայն այդ մատակարարումները հարկավոր է ֆինանսավորել։ Միևնույն ժամանակ նախագահը չէր նշել հնարավոր մատակարարներին:

Պրահայում հայտնել են, որ ստացել են Կանադայի, Դանիայի, Լիտվայի և Լատվիայի նախնական համաձայնությունը նախաձեռնությանը մասնակցելու համար։ Անցյալ շաբաթ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Ֆիալան ասել էր, որ Վարշավան նույնպես պատրաստակամություն է հայտնել միանալու ծրագրի իրագործմանը։

Գործակալության զրուցակիցը, սակայն, պարզաբանել է, որ ԵՄ-ում ոմանք չափազանց լավատեսական են համարում արկերի ապագա գնումների` Չեխիայի կողմից հնչեցված թվերը։

  • Կիսվել: