Մակրոնը հեռացող Մերկելին շնորհել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հրաժեշտ տալու ժամանակ գովաբանել է նրան՝ տարիների ճգնաժամի ընթացքում Եվրոպան միասնական պահելու համար։
Ողջունելով նրան Բուրգունդիայի գինեգործական շրջանի սրտում, այլ ոչ թե Փարիզի Ելիսեյան նախագահական պալատում պաշտոնական ընթրիքի ժամանակ, Մակրոնը շնորհակալություն է հայտնել նրան ցուցաբերած համբերատարության և իրեն տված դասերի համար:
«Այն ժամանակվանից ի վեր, երբ Դուք կանցլեր եք դարձել, Ֆրանսիան սովորել է ճանաչել և սիրել Ձեզ»,- ասել է Մակրոնը՝ Մերկելին հանձնելով Ֆրանսիայի բարձրագույն պարգևը՝ Պատվո լեգեոնի մեծ խաչը։
Մակրոնն ասել է, որ Մերկելը սկզբում աշխատել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, այնուհետև Նիկոլա Սարկոզիի հետ՝ դիմակայելով ֆինանսական ճգնաժամին և միասնական պահելով եվրոգոտին, ապա Ֆրանսուա Օլանդի հետ՝ դիմակայելով ահաբեկչությանը և ներգաղթի ճգնաժամին, և վերջում իր հետ՝ պայքարելով COVID-19 համավարակի դեմ։
«Դուք աշխատել եք այս բոլոր ցնցումների ընթացքում Եվրոպան միասնական պահելու համար: Հուսով եմ, որ այն դասը, որը Դուք թողել եք մեզ՝ ամուր կանգնել ուժեղ հակառակ քամու դեմ և ապահովել, որ բոլորը կմնան միասնական, և որ ոչինչ չփլուզվի, կմնա մեզ հետ»,- ասել է Մակրոնը։
67-ամյա Մերկելը, որը ղեկավարել է երկիրը 16 տարի, կհեռանա պաշտոնից, երբ կձևավորվի գերմանական նոր կոալիցիոն կառավարություն: