Մակրոնը հայտնել է 26 երկրի՝ զինադադարից հետո Ուկրաինայում զսպման ուժեր տեղակայելու պատրաստակամության մասին
26 երկիր պարտավորվել է զինադադարից հետո զսպման ուժեր տեղակայել Ուկրաինայում: Այս մասին Փարիզում «Կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր 26 երկիր պաշտոնապես պարտավորվել է (ևս մի քանի երկիր շարունակում են քննարկումները) անվտանգության ապահովման համար զորքեր տեղակայել Ուկրաինայում կամ ունենալ ցամաքային, օդային և ծովային ներկայություն՝ հրադադարից կամ խաղաղության հաստատումից անմիջապես հետո ապահովելու ուկրաինական տարածքների և Ուկրաինայի անվտանգությունը»:
Ֆրանսիայի նախագահը նաև հավելել է, որ կոալիցիան առաջիկա օրերին կհամաձայնեցնի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում ԱՄՆ-ի մասնակցությունը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնեցվել է ուկրաինական կարգավորման հարցում առաջընթացի բացակայության դեպքում լրացուցիչ պատժամիջոցներ ընդունելու մասին որոշումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերի տեղակայման ցանկացած սցենար կտրականապես անընդունելի է Ռուսաստանի համար և հղի է իրավիճակի կտրուկ սրացմամբ:


