չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՄԱԿ-ը նոր առաջարկների փաթեթ է պատրաստել Հացահատիկի միջանցքի համաձայնագրի համար

ՄԱԿ-ը նոր առաջարկների փաթեթ է պատրաստել Հացահատիկի միջանցքի համաձայնագրի համար

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։

Բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսին Ֆիդանը հայտնել է, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային մի շարք հարցեր։

Նրա խոսքով՝ Թուրքիայի և ՌԴ-ի համար կարևորություն ունեցող հատկապես Սիրիայի, Միջին Ասիայի, Աֆրիկայի, Կովկասի և այս աշխարհագրությունների զարգացումների վերաբերյալ համեմատել են իրենց տեսակետները։

Ինչ վերաբերում է հացահատիկային միջանցքի համաձայնագրին, Ֆիդանն ասել է, որ այդ հարցին անդրադարձել են, սակայն մանրամասները կքննարկվեն սեպտեմբերի 4-ին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպմանը։

Ֆիդանի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի կողմից պատրաստվել է նոր առաջարկների փաթեթ՝ Թուրքիայի մասնակցությամբ Հացահատիկային միջանցքի համաձայնագրի վերաբերյալ։

Հայտնելով, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները շարունակվում են զգալիորեն ավելանալ՝ Ֆիդանը նշել է. «ՄԱԿ-ը մեր երկրի ինտենսիվ ջանքերով և ներդրումով պատրաստել է նոր առաջարկների փաթեթ։ Մենք կարծում ենք, որ դա հարմար հիմք է նախաձեռնության վերածննդի համար։ Մեր օրակարգում կարևոր տեղ է գրավել նաև պատերազմի ընթացքը»։

«Սևծովյան նախաձեռնության վերսկսումը/աշխուժացումը մեր օրակարգի ամենագլխավոր տեղում էր։ Մենք ընդգծեցինք նախաձեռնության կարևոր նշանակությունը ինչպես համաշխարհային պարենային անվտանգության, այնպես էլ Սև ծովում կայունության համար։ Մենք վերահաստատեցինք մեր համոզմունքը, որ նախաձեռնության իրականացումը կվերականգնի կայունությունը բոլոր ոլորտներում»,-ասել է նա։

Թուրք նախարարը նաև հայտնել է, որ Լավրովի հետ իր խորհրդակցությունները Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման համար նախապատրաստական բնույթ են կրել։

  • Կիսվել: