հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՄԱԿ-ը հաստատում է՝ ուկրաինական ուժերի կողմից ռուս ռազմագերիների գնդակահարման տեսանյութն իսկական է

ՄԱԿ-ը հաստատում է՝ ուկրաինական ուժերի կողմից ռուս ռազմագերիների գնդակահարման տեսանյութն իսկական է

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը կարծում է, որ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութը, որում ուկրաինացի զինվորները մահապատժի են ենթարկում ռուս ռազմագերիներին, իսկական է, և ոչինչ չի արդարացնում այդ արարքը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Մարթա Հուրտադոն։

Նա նշել է, որ իրենք տեղյակ են այդ տեսանյութի մասին և կարծում են, որ այն իրական է:

Հուրտադոն նաև հավելել է, որ ՄԱԿ-ը տեղյակ է նաև սոցիալական մեդիայի հարթակներում հայտնված մեկ այլ տեսանյութի մասին, որը ներառում է նախնական միջադեպի լրացուցիչ կադրեր, ինչպես նաև, ըստ երևույթին, ցուցադրում է ուկրաինացի զինվորի, որը խոստովանում է սպանությունը և փորձում արդարացնել այն՝ պնդելով, որ զոհերը հրաժարվում էին հանձնվել, կամ որ նրանք ՛՛Վագներ՛՛ ռազմական խմբի մաս էին կազմում:

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները միտումնավոր սպանել են գերեվարված 10 ռուս զինծառայողների։

Տեսանյութը, որտեղ ուկրաինացի զինվորականները գնդակահարում են ռուս զինվորներին, որոնք գերի են հանձնվել և պառկած են գետնին, համացանցում հայտնվել էր նոյեմբերի 18-ին: Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևի տեղեկություններով՝ դա տեղի է ունեցել ԼԺՀ-ի Մակեևկա գյուղում։

  • Կիսվել: