չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունն արագացրել է զորքերի դուրսբերումը Մալիի հյուսիսից

ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունն արագացրել է զորքերի դուրսբերումը Մալիի հյուսիսից

Կիրակի օրը Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը հայտարարել է, որ արագացրել է Մալիի հյուսիսում գտնվող Բեր քաղաքից զորքերի ծրագրված դուրսբերումը «անվտանգության վատթարացման պատճառով», քանի որ այդ տարածքում մարտական գործողությունները մտավախություն են առաջացրել անջատողականների ապստամբության վերսկսման առիթով, հաղորդում է Reuters-ը:

Վերջին մի քանի օրվա ընթացքում թուարեգների գլխավորած հյուսիսային ապստամբների դաշինքը՝ «Ազավադ  շարժումների համակարգում»-ը (CMA), մեղադրել է Մալիի ուժերին և «Վագներ»  ՄՌԿ-ին հրադադարը խախտելու մեջ՝ հարձակվելով Բերի մոտ տեղակայված  ուժերի վրա:

Մալիի բանակը չի արձագանքել մեղադրանքներին, սակայն շաբաթ օրը հայտարարել է, որ Բերում տեղակայված իր զինվորներից վեցը սպանվել են անհայտ «զինված ահաբեկչական խմբավորումների» ներխուժման փորձը հետ մղելիս: 

ՄԱԿ-ի առաքելությունը, որը հայտնի է որպես MINUSMA, հայտնել է, որ «արագացրել է իր զորքերի դուրսբերումը Բերից անվտանգության վատթարացման պատճառով»:

«Առաքելությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է ավելի բարդացնել օպերացիան»,- ասվում է առաքելության հայտարարության մեջ:

Տարածաշրջանային հուզումները սկսվել են Մալիում 2012 թվականին, երբ իսլամիստները ճնշեցին թուարեգների ապստամբությունը։ Այդ ժամանակից ի վեր իսլամիստների խռովությունը տարածվել է հարևան Բուրկինա Ֆասոյում և Նիգերում, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ են սպանվել, իսկ միլիոնավորները ստիպված են եղել լքել իրենց տները։

Բռնությունը նաև խթանել է քաղաքական անկայունությունը՝ օգնելով Մալիի խունտային գրավել իշխանությունը  2020 և 2021 թվականների հեղաշրջումների ժամանակ:

  • Կիսվել: