երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ԿԺԴՀ-ի կողմից արբանյակ տանող հրթիռի արձակումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ԿԺԴՀ-ի կողմից արբանյակ տանող հրթիռի արձակումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից ռազմական արբանյակ տանող հրթիռի արձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ասված է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ։

«Բալիստիկ հրթիռի տեխնոլոգիայի օգտագործմամբ ցանկացած արձակում հակառակ է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին», - նշված է հայտարարությունում:

Համաշխարհային կազմակերպության ղեկավարը կրկին Փհենյանին կոչ է արել «դադարեցնել նման գործողությունները և արագ վերսկսել երկխոսությունը՝ կայուն խաղաղության, ինչպես նաև Կորեական թերակղզու ամբողջական և վերահսկելի միջուկազերծման նպատակին հասնելու համար»։

Այս առնչությամբ ԱՄՆ-ում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակման պատճառով տարածաշրջանում մեծանում է ապակայունացման ռիսկը: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադամ Հոջը նշել է, որ Փհենյանի նման գործողությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի քանի բանաձևերի կոպտագույն խախտում են։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Հյուսիսային Կորեայի՝ տիեզերքում ռազմական հետախուզական արբանյակ տեղադրելու փորձը ձախողվել է, սակայն Փհենյանը նախատեսում է հնարավորինս շուտ իրականացնել երկրորդ արձակումը: ԿԺԴՀ-ի հետախուզական արբանյակի արձակման ժամանակ վթարի պատճառ են դարձել տանող հրթիռի շարժիչների աշխատանքի հետ կապված խնդիրները և վառելիքի անկայունությունը։

Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի՝ ԿԺԴՀ-ի հրթիռն ընկել է Դեղին ծովը՝ Հարավային Կորեայի Օչհոնդո կղզուց 200 կմ դեպի արևմուտք։

Հյուսիսային Կորեան Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությանը տեղեկացրել էր, որ մայիսի 31-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակամիջոցում մտադիր է արձակել երկրի պատմության մեջ առաջին հետախուզական արբանյակը։ Ըստ Փհենյանի՝ արբանյակի հիմնական խնդիրն է լինելու տեղեկատվության հավաքումը՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին զսպելու նպատակով։

  • Կիսվել: