Սենատի հանրապետականներն առաջարկում են 1.1 տրիլիոն դոլար հատկացնել Պենտագոնին և հետախուզական գործակալություններին
Սենատի հատկացումների հանձնաժողովի հանրապետական անդամները առաջարկել են 2027 ֆինանսական տարում Պենտագոնին հատկացնել 1.1 տրիլիոն դոլար: Այս մասին ասված է հանձնաժողովի կայքում երկուշաբթի օրը տեղադրված օրինագծում, փոխանցում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Նշվում է, որ, ըստ փաստաթղթի, Պաշտպանության նախարարությանը և հետախուզությանը առաջարկվող հատկացումների ընդհանուր գումարը կազմում է 1.1 տրիլիոն դոլար: Մասնավորապես, հանրապետականներն առաջարկում են Պենտագոնին հատկացնել 9.4 միլիարդ դոլար «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կառուցման համար և 202.9 միլիարդ դոլար՝ զինվորականների աշխատավարձերի և նրանց ընտանիքների համար նախատեսված նպաստների նպատակով։
Հաղորդվում է նաև, որ 285.6 միլիարդ դոլար է առաջարկվում տարբեր զենքերի ձեռքբերման համար, իսկ 203 միլիարդ դոլար՝ դրանց մշակման և արտադրության համար: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն առաջարկում են լրացուցիչ 47.2 միլիարդ դոլար՝ զենքի արտադրության լրացուցիչ պայմանագրերի և ներդրումների համար։
6.2 միլիարդ դոլար առաջարկվում է հատկացնել անօդաչու թռչող սարքերի և դրանց ճնշման համակարգերի մշակման, արտադրության և ձեռքբերման համար: Հանրապետականներն առաջարկում են Պենտագոնին հատկացնել 42 միլիարդ դոլար ռազմանավերի կառուցման համար: Օրինագիծը նաև հատկացնում է 1.7 միլիարդ դոլար՝ ԱՄՆ զինված ուժերում վառելիքի սպասվող պակասը լրացնելու համար։
Հավելենք, որ փաստաթուղթը պատրաստել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որը ներկայումս վերահսկում է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները։



