ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՄԱԿ ԱԽ անդամներն ընդգծել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի ստատուս քվոյի պահպանման անհրաժեշտությունը

ՄԱԿ ԱԽ անդամներն ընդգծել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի ստատուս քվոյի պահպանման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծել են Երուսաղեմում Ալ-Աքսա մզկիթի ստատուս-քվոյի պահպանման անհրաժեշտությունը՝ Իսրայելի նոր ծայրահեղ աջակողմյան անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի կարճատեւ այցից օրեր անց, հաղորդում է Reuters-ը:

Տասնամյակների վաղեմության ստատուս քվոն միայն մահմեդականներին է թույլ տալիս երկրպագել համալիրի ներսում, մի վայր, որը հարգված է նաեւ հրեաների կողմից, որոնք այն անվանում են Տաճարի լեռ: Իսրայելցի պաշտոնյան ասել է, որ Բեն Գվիրը պահպանում է պայմանավորվածությունը, որը թույլ է տալիս ոչ մահմեդականներին այցելել համալիր, բայց չաղոթել:

ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիադ Մանսուրը կոչ է արել Անվտանգության խորհրդին քայլեր ձեռնարկել, քայլ, որը քիչ հավանական է հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն ավանդաբար պաշտպանել է Իսրայելին:

«Ի՞նչ կարմիր գիծ պետք է հատի Իսրայելը, որպեսզի Անվտանգության խորհուրդը վերջապես ասի «բավական է»,- ասել է Մանսուրը 15 անդամներից բաղկացած խորհրդին՝ մեղադրելով Իսրայելին «բացարձակ արհամարհանք» ցուցաբերելու մեջ։

«Չնայած այցը չի ուղեկցվել բռնությամբ, այն դիտվում է որպես հատկապես սադրիչ՝ հաշվի առնելով պարոն Բեն-Գվիրի նախկինում ստատուս քվոն փոխելու ջատագովությունը», - ասել է ՄԱԿ-ի քաղաքական հարցերով բարձրաստիճան պաշտոնյա Խալեդ Հիարին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել լարվածությունը սուրբ վայրերում եւ շրջակայքում։

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը հանդիպումից առաջ լրագրողներին ասել է. «Հրեաներին թույլատրվում է այցելել հուդայականության ամենասուրբ վայր: Սա յուրաքանչյուր հրեայի իրավունքն է։ Իսրայելը չի ​​խախտել ստատուս քվոն եւ չի ծրագրում դա անել»։

Բեն Գվիրը ժամանակին կոչ է արել հանել հրեական աղոթքի արգելքը այդ վայրում, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ միանալուց հետո խուսափում է պատասխանել հարցին: Բեն-Գվիրի «Հրեական իշխանություն» կուսակցության մյուս անդամները դեռ պաշտպանում են նման քայլը:

Միացյալ Նահանգները հավատարիմ է Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ հակամարտության երկու պետությունների լուծմանը եւ «մտահոգված է ցանկացած միակողմանի գործողությամբ, որը սրում է լարվածությունը կամ խաթարում երկու պետությունների լուծման կենսունակությունը», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը:

«Մենք նշում ենք, որ վարչապետ Նեթանյահուի իշխող պլատֆորմը կոչ է անում պահպանել ստատուս քվոն սուրբ վայրերի վերաբերյալ։ Մենք ակնկալում ենք, որ Իսրայելի կառավարությունը կկատարի այս պարտավորությունը»,- ասել է Վուդը:

 

  • Կիսվել: