ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լվովի եռակողմ հանդիպման ընթացքում համաձայնեցվել են Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի հնարավոր առաքելության չափանիշները

Լվովի եռակողմ հանդիպման ընթացքում համաձայնեցվել են Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի հնարավոր առաքելության չափանիշները

Լվովում ավարտվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հանդիպումը:

Եռակողմ հանդիպումը տևել է մոտ 40 րոպե: Այն սկսվել էր Էրդողանի և Զելենսկու՝ երկու ժամ տևած բանակցություններից անմիջապես հետո:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, եռակողմ հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել շտապ համաձայնության հասնել Զապորոժիեի ատոմակայանի քաղաքացիական կարգավիճակի վերականգնման և տվյալ գոտու անվտանգության ապահովման վերաբերյալ:

«Օբյեկտը չպետք է օգտագործվի որևէ ռազմական գործողության շրջանակներում», - ասել է Գուտերեշը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ուկրաինայի նախագահն էլ իր հերթին հայտնել է, որ եռակողմ հանդիպման ընթացքում համաձայնեցվել են Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հնարավոր առաքելության չափանիշները:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը նշել էր, որ Ուկրաինայի և Թուրքիայի ղեկավարների հետ Գուտերեշի հանդիպման հիմնական թեման կլինեն պարենի արտահանման վերաբերյալ համաձայնագրերի իրագործումը, ինչպես նաև Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակը:

  • Կիսվել: