Լիբանանը մտադիր է երեք ամսում լիովին զինաթափել «Հեզբոլլահ»-ին
Լիբանանյան բանակը նպատակ ունի երեք ամսվա ընթացքում լիովին զինաթափել Իսրայելի հետ սահմանի մոտ տեղակայված «Հեզբոլլահ» շարժումը: Այս մասին հայտնել է Լիբանանի արտգործնախարար Յուսեֆ Ռագին, տեղեկացնում է Ֆրանսպրեսը:
Լիբանանի կառավարությունն օգոստոսին զինվորականներին հրամայել էր ծրագրեր մշակել՝ նախկինում գերիշխող, իսկ այժմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով ճնշման ենթարկված զինյալ խմբավորմանը տարեվերջին զինաթափելու համար։
Կառույցը անցյալ շաբաթ հայտարարել էր, որ բանակը կսկսի իրականացնել ծրագիրը՝ առանց մանրամասներ հաղորդելու։
Ռագին շեշտել է, որ ցամաքային զորքերի հրամանատար Ռոդոլֆ Հայկալն անցյալ շաբաթ կառավարությանը ներկայացրել է հինգ փուլից բաղկացած ծրագիր՝ ապահովելու համար, որ բոլոր զենքերը լինեն Լիբանանի պետության ձեռքում։
Առաջին փուլը կտևի «երեք ամիս... և նախատեսվում է «Իսրայելից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա զենքի դուրսբերում Լիտանի գետից հարավ, որն ավարտվելու է նոյեմբերի վերջին։
Ներկայացնելով բանակի ծրագրերը՝ Ռագին նշել է. «Այս տարածքում չեն լինի պահեստներ, զենքեր, զենքի մատակարարումներ, մարտիկներ կամ զենքի ցուցադրություններ: Առաջին փուլին զուգահեռ, բանակի ծրագիրը նախատեսում է «անվտանգության միջոցառումներ» ձեռնարկել ամբողջ երկրում։ Բանակը կխստացնի և կավելացնի անցակետերը, կկանխի զենքի տեղաշարժը և կրելը... բայց առանց ստուգումների, առանձին անձանց ձերբակալման կամ պահեստներից զենքի բռնագրավման։ Առնվազն, զենքի տեղափոխումը մեկ տարածքից մյուսը կարգելվի»։
Նա նաև ասել է, որ ծրագրի հաջորդ չորս փուլերը կներառեն զինաթափում այլ տարածքներում, դրանց թվում՝ Բեյրութում և Արևելյան Բեքայում, «սակայն առանց ժամկետ նշելու»։
Բեյրութը զինաթափման ջանքերը, որոնց դեմ է «Հըզբոլլահը», նկարագրել է անցյալ տարվա նոյեմբերին պատերազմն ավարտած հրադադարի համաձայնագրի իրականացման մաս։
Համաձայնագիրը միաժամանակ կոչ էր անում իսրայելական զորքերին դուրս գալ Լիբանանից և դադարեցնել երկրի վրա հարձակումները, սակայն այդ ժամանակվանից ի վեր Իսրայելը բազմիցս ռմբակոծել է իր հարևան երկրի տարածքն ու զինվորներ պահել ռազմավարական առումով կարևոր համարվող հինգ սահմանային անցակետերում։


