շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լիբանանում ստեղծված տնտեսական, քաղաքական ճգնաժամի հետևանքով հայկական համայնքը տուժում է. Շահան Կանդահարյան

Լիբանանում ստեղծված տնտեսական, քաղաքական ճգնաժամի հետևանքով հայկական համայնքը տուժում է. Շահան Կանդահարյան

Լիբանանում արդեն մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաների հետևանքով ստեղծված քաղաքական ու տնտեսական ճգնաժամը որոշ ազդեցություն գործել է լիբանանահայ համայնքի վրա, PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բեյրութում հրապարակվող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Կանդահարյանը։

«Լիբանանյան հայ համայնքը հատկապես մեծ վնաս է կրում ստեղծված ֆինանսական, տնտեսական ճգնաժամի հետևանքով՝ բանկերը սահմանափակ գումարներ են տրամադրում, հետզհետե խորանում է ճգնաժամը», -ասաց Կանդահարյանը։

Մեր հարցին, թե արդյոք հայերի շրջանում արտագաղթ կա, հայկական համայնքի ներկայացուցիչն ի պատասխան ասաց, որ արտագաղթի ալիք չկա և հավելեց. «Հիմա շատ անորոշ իրավիճակ է, և հատկապես երիտասարդները մտածում են, որ եթե այսպես շարունակվի, արտագաղթն անխուսափելի կլինի։ Դա բնական է, քանի որ յուրաքանչյուր անհատ նման իրավիճակում ցանկանում է իր ասպարզեը կապել այլ երկրի հետ։ Բայց հիմա արտագաթի ալիք չկա, խուճապային տրամադրություններ, այդուհանդերձ, չկան»։

Նրա խոսքով, իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլեր չեն ձեռնարկվում և ճգնաժամը լուծելու ուղիներ չեն երևում։ Կանդահարյանն ասաց, որ խնդիրն այն է, որ ցուցարարների ներկայացուցչական մարմին կամ լիազորված կառույց չկա, որպեսզի երկխոսություն ծավալվի, քննարկումներ, բանակցություններ տեղի ունենան։

Այդուհանդերձ ցուցարարների պահանջն է կազմել պրոֆեսիոնալներով կազմված կառավարություն, որի առաջնային և միակ գործառույթը կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելը։ Բացի այդ, պահանջ կա համայնքային կառավարումից անցում կատարել քաղաքացիական։

Դիտարկմանը, թե այդ պարագայում, ինչպե՞ս է պատկերացնում հայկական համայնքի դերը, այն դեպքում, որ այժմվա կառավարման պայմաններում մեծ տեղ էր հատկացվում ազգային փոքրամասնություններին, Կանդահարյանը արձագանքեց. «Առայժմ անորոշ է։ Կարծում եմ՝ ամբողջ խնդիրը դա է։ Նախագահն ասել էր, որ դեմ չէ կառավարման համակարգի փոփոխությանը, բայց դա երկար ժամանակ ու փուլային աշխատանք է պահանջում։ Չի կարելի միանգամից կտրուկ փոփոխություններ կատարել՝ համայնքային կառավարումից անցնել քաղաքացիական կառավարման։ Դրա համար օրենքներ պետք է մշակվեն, որպեսզի տարբեր համայնքները իրավազրկված չլինեն»։

Նրա ներկայացմամբ, Լիբանանի առանձնահատկությունն այն է, որ մշտապես մեծ դեր ու նշանակություն է վերապահել քրիստոնյա համայնքին և եթե այդ փոփոխությունների արդյունքում քրիստոնյաներն անտեսվեն, ապա դա լավ չի լինի։ «Այնպես պետք է լինի, որ տարբեր համայնքները իրավազրկված չլինեն, եթե միայն առավելություն տրվի իսլամական համայնքին, ապա իրավազրկված կլինեն քրիստոնյաները։ Մենք գիտենք, որ Լիբանանն առանձնահատուկ էր հենց այդ գծով, որ միշտ տեղ է տվել քրիստոնյա համայնքին», -նշեց լիբանանահայ համայնքի ներկայացուցիչը։

Հիշեցնեն՝ հոկտեմբերի կեսերից Լիբանանում բողոքի զանգվածային ակցիաներ են: Հանրությանը զայրացրել էր հարկերը բարձրացնելու և, մասնավորապես, WhatsApp հավելվածով յուրաքանչյուր հեռախոսային զանգ 20 սենթով հարկելու որոշումը: Զանգվածային ցույցերը ստիպել էին կառավարությանը չեղարկել այդ նորամուծությունը: Երկար օրեր ցուցարարները փակում էին փողոցները և անվադողեր էին հրկիզում: Բողոքի ակցիաներ էին իրականացվում ոչ միայն մայրաքաղաք Բեյրութում, այլև Լիբանանի ուրիշ քաղաքներում:

Ոստիկաններն արցունքաբեր գազ էին կիրառում: Որոշ ժամանակ անց ցուցարարների պահանջները ընդլայնվեցին, և նրանք սկսեցին պահանջել կառավարության հրաժարականը: Այնուհետև հոկտեմբերի 29-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին քաղաքացիներին ուղղված հեռուստատեսային ուղերձում հայտարարեց իր հրաժարականի մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: