Լիբանանում մտադիր են զինաթափել բոլոր կիսառազմական խմբավորումներին
Լիբանանի բանակը կառավարության հանձնարարությամբ պետք է մինչև տարեվերջ իրականացնի բոլոր կիսառազմական կազմավորումների, այդ թվում՝ «Հեզբոլլահ» շարժման զինաթափման ծրագիրը։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Նավաֆ Սալամը, հայտնել է Լիբանանի կառավարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մենք չենք պատրաստվում հրաժարվել երկրում առկա բոլոր զենքերը պետության ձեռքում կենտրոնացնելու որոշումից։ Իշխանությունների կողմից ընտրված ուղին ազգային պահանջ է, որը վերածննդի հեռանկարներ է բացում Լիբանանի համար»:
Նա հավելել է, որ զինված կազմավորումների կողմից զենքի փոխանցումը Լիբանանի բանակին արդեն սկսվել է և կիրականացվի փուլերով, նախատեսված՝ ճանապարհային քարտեզով, որը կհանգեցնի իսրայելական զորքերի դուրսբերմանը նրանց վերահսկողության տակ գտնվող հինգ հարավային շրջաններից։


