Լիբանանում արգելվել է «Հեզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը
Լիբանանի կառավարությունն «անհապաղ արգելք» է կիրառել արմատական շիա «Հեզբոլլահ» շարժման ռազմական գործունեության հանդեպ։ Ինչպես այսօր իր հեռուստաելույթում հայտարարել է վարչապետ Նավաֆ Սալամը՝ խմբի բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության միջոցառումներն այժմ «անօրինական» են: Այս մասին տեղեկացնում է dpa-ն։
Նա նշել է, որ «Հեզբոլլահ»-ի զինյալները պետք է զինաթափվեն։ Վարչապետը մտադիր է «Հեզբոլլահ»-ի գործունեությունը սահմանափակել «միայն քաղաքական ոլորտով»։ Լիբանանի կառավարության որոշմամբ՝ շիա խմբավորման կարգավիճակը դիմադրության շարժումից փոխվում է ապօրինի ռազմականացված կազմավորման։
Այն ընդունվել է, երբ Իրանի աջակցությունը ստացող «Հեզբոլլահ» խմբավորումը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Իսրայելին՝ «վրեժ լուծելով» Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության համար։ Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ հրթիռներից մեկը խոցվել է, մի քանիսն էլ ընկել են բաց տարածքներում։ Իր հերթին Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որոնք վերահսկում է «Հեզբոլլահ»-ը: Իսրայելի ՊՆ ղեկավար Իսրայել Կացը սոցցանցի իր էջում հայտնել է, որ իրենց թիրախը «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Շեյխ Նաիմ Քասեմն է:


