Լեհաստանից բռնի ուժով արտաքսվել է Ուկրաինայի 15 քաղաքացի
Լեհաստանը երկրից բռնի ուժով արտաքսել է Ուկրաինայի 15 քաղաքացիների, տեղեկացնում է RMF24-ը։
Նշվում է, որ սահմանապահները նրանց տարել են սահման և հանձնել ուկրաինական կողմին՝ նշելով, որ բոլոր վտարվածները մեկից ավելի անգամ պատասխանատվության են ենթարկվել գողության, կողոպուտի և ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար։
Նշվում են նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման, փաստաթղթերի կեղծման և սահմանային անօրինական անցումների կազմակերպման հետ կապված խախտումներ։
Համաձայն ուղարկված որոշման՝ քաղաքացիներին արգելվել է մուտք գործել Լեհաստան 5-ից 10 տարի ժամկետով։
Հաղորդվում է նաև, որ բռնի արտաքսման մասին որոշումը հիմնվել է, մասնավորապես, «Օտարերկրացիների մասին» Լեհաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի օրենքի 302-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի վրա. դրանք վերաբերում են Լեհաստանի Հանրապետության պաշտպանությանը, պետական անվտանգությանը կամ հասարակական կարգի և շահերի պաշտպանությանը։
Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Կարոլինա Գալեցկան հայտարարել է, որ Լեհաստանը շարունակում է մնալ բարեկամական և բաց երկիր օտարերկրացիների համար։ Սակայն նա ընդգծել է, որ օրենքը խախտողները, անկախ ծագումից, չպետք է ներում ակնկալեն:


