ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լատինական Ամերիկան կարող է դառնալ կորոնավիրուսի տարածման նոր օջախ. ՌԻԱ Նովոստի

Լատինական Ամերիկան կարող է դառնալ կորոնավիրուսի տարածման նոր օջախ. ՌԻԱ Նովոստի

Լատինական Ամերիկայում կորոնավիրուսի տարածման մտահոգիչ վիճակագրությունը խոսում է այն մասին, որ այդ տարածաշրջանը կարող է համավարակի նոր օջախ դառնալ, գրում է Der Spiegel-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության բրազիլական բաժանմունքի ղեկավար Անա դե Լեմոսն ընդգծել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում լատինամերիկյան երկրներում կորոնավիրուսով վարակման և վիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության ռեկորդային մակարդակ է արձանագրվել:

Նշվում է, որ որոշ քաղաքներում իրավիճակը համեմատելի է ԱՄՆ-ում և Եվրոպայում կորոնավիրուսի գագաթնակետի հետ:

Որպես օրինակ նշվում է, որ Պերուի մայրաքաղաք Լիմայում սովորականից երկու անգամ ավելի շատ մարդիկ են մահանում: Այդ ցուցանիշը համեմատելի է Փարիզում համաճարակի ընթացքում վատագույն ամսվա տվյալների հետ:

Բրազիլիայի Մանաուս քաղաքում, որտեղ 2 մլն մարդ է բնակվում, մահացության մակարդակը մեծացել է 3 անգամ: Նման վիճակագրություն արձանագրվել է Լոնդոնում և Մադրիդում:

Մեքսիկայում սկսել են չեղարկել սահմանափակումները, թեև երկիրը Լատինական Ամերիկայում երրորդ տեղում է մահացածների և վարակվածների ցուցանիշով:

Ինչպես հաղորդվում է՝ Լատինական Ամերիկայում մեկ ամսում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 7 անգամ՝ հասնելով 542 693-ի, մահացածների թիվը՝ 8.5 անգամ՝ հասնելով 30 396-ի:

 

  • Կիսվել: