Կոբախիձեն հայտարարել է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքը հեղափոխության թափանցիկության մասին օրենք է
Վրաստանում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն, ըստ էության, օրենք է հեղափոխության թափանցիկության մասին, որ երկրում ցանկանում էին կազմակերպել հասարակական կազմակերպությունները: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Առանց որևէ հիմնավորման, երբ Վրաստանը բացահայտ առաջատարն էր այդ չորս երկրների թվում (խմբ.՝ նկատի ունի հենց Վրաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Մոլդովան, Ուկրաինան), մեզ մերժեցին (խմբ.՝ 2022 թվականին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը): Դա օգտագործեց խոշոր հասարակական կազմակերպությունների մի կոնկրետ խումբ՝ հեղափոխություն կազմակերպելու փորձի համար. չէ՞ որ դա հեշտ է վերլուծել: Դրան հաջորդեցին քայլեր մեր կողմից, այդ թվում՝ թափանցիկության մասին օրենքի ընդունումը: Այդ օրենքը, ես կասեի, նույնիսկ հեղափոխության դեմ չէ։ Այդ օրենքը հեղափոխության թափանցիկության մասին է», - հայտարարել է Կոբախիձեն Աջարիայի հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Վարչապետը նշել է, որ «եթե ինչ-որ մեկը ցանկանում է փորձել հեղափոխություն կազմակերպել Վրաստանում, թող փորձի, բայց այդ փորձը պետք է թափանցիկ լինի»։
Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչը խիստ քննադատության արժանացավ Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից։ Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո դրեց օրենքի վրա, բայց խորհրդարանը մայիսի 28-ին հաղթահարեց այն: