շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կիևը չգիտի, թե որոնք են ՆԱՏՕ հրավիրվելու համար անհրաժեշտ պայմանները. Կուլեբա

Կիևը չգիտի, թե որոնք են ՆԱՏՕ հրավիրվելու համար անհրաժեշտ պայմանները. Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրո Կուլեբան ասել է, որ Կիևը չգիտի, թե ինչ պայմաններ պետք է կատարվեն՝ երկիրը ՆԱՏՕ հրավիրելու համար։ Նրա խոսքը մեջբերում է РБК-Украина գործակալությունը։

«Այստեղ է խնդիրը: Այսինքն՝ ե՞րբ են կատարվելու պայմանները։ Ի՞նչ պայմաններ են դրանք։ Ո՞վ պետք է դրանք ձևակերպի»,- հարցերն ուղղել է  ուկրաինացի նախարարը:

Կուլեբան ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն ու Ուկրաինան տարբեր դիրքորոշումներ ունեն ռազմական դաշինքին երկրի անդամակցության հարցում։ Նրա խոսքով՝ Արևմուտքում խոսում են ինչ-որ պայմանների մասին, իսկ Կիևում համոզված են, որ հրավերի բոլոր պայմաններն արդեն կան։

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նորմալ է համարել ՆԱՏՕ-ին անդամակցության համար Ուկրաինային ներկայացված պայմանները։ Դրանք ներառում են կառավարման և զինված ուժերի ժողովրդավարական ​​վերահսկողության հարցերը։

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերն էլ ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է կանխատեսել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ստույգ ժամկետները։ Միևնույն ժամանակ, նա հաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը, որ Կիևը չի կարող ընդունվել դաշինք մինչև ռազմական գործողությունների ավարտը, քանի որ հակառակ դեպքում ԱՄՆ-ը հակամարտության մեջ կմտնի Ռուսաստանի հետ։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան էլ հույս է հայտնել, որ «մի քանի տարի հետո» Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ:

  • Կիսվել: