Կիևի ռեժիմն ընտրել է ՌԴ քաղաքացիներին ահաբեկելու ճանապարհը. Պուտին
Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման միջոցով Կիևի իշխանությունները փորձում են վախեցնել Ռուսաստանի քաղաքացիներին և Ռուսաստանի ղեկավարությանը սադրել նմանատիպ պատասխանների: Այս մասին այսօր Զոտովի կենտրոն կատարած այցի ժամանակ, մեկնաբանելով այսօր առավոտյան Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա Մոսկվայի վրա հարձակումը կապել է այն բանի հետ, որ Ռուսաստանի զինված ուժերը որոշ ժամանակ առաջ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին։
Ըստ Պուտինի՝ ՌԴ-ն հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքին, բայց դա անում է ՛՛հեռահար ճշգրիտ զենքով՛՛, մինչդեռ ՛՛Կիևի ռեժիմն այլ ճանապարհ ընտրեց՝ ահաբեկել Ռուսաստանի քաղաքացիներին և հարձակվել բնակելի շենքերի վրա՛՛:
Նրա խոսքով՝ Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման նպատակը ՛՛Ռուսաստանին պատասխանի հրահրելն է՛՛։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա այսօր առավոտյան։