ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին․ ՌԴ ՊՆ

Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին․ ՌԴ ՊՆ

Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ռուսական զորքերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը ռադիացիոն անվտանգության սպառնալիքների վերաբերյալ ճեպազրույցում։

«Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Ուկրաինայում երկու կազմակերպություններ կոնկրետ հանձնարարականներ ունեն՝ ստեղծելու այսպես կոչված «կեղտոտ ռումբ»: Աշխատանքները վերջնական փուլում են», – ասել է նա։

Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմը ցանկանում է սադրանք կազմակերպել, որպեսզի Ռուսաստանին մեղադրի զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ և աշխարհում հզոր հակառուսական արշավ սկսի։

Կիրիլովը հավելել է, որ Մոսկվան տեղեկություններ ունի Ուկրաինայի նախագահի գրասենյակի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների միջև միջուկային զենքի ստեղծման տեխնոլոգիայի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ շփումների մասին։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ էր ունեցել Թուրքիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի իր գործընկերների հետ և նրանց տեղեկացրել, որ Կիևը հնարավոր սադրանք է նախապատարսատում «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ։ Դա փոքր հզորության միջուկային զենք է, որը բացի ռադիոակտիվ նյութերից, պարունակում է սովորական պայթուցիկ նյութեր։

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունները համատեղ հայտարարություն  էին տարածել՝ մերժելով Սերգեյ Շոյգուի այս պնդումները և դրանք անվանելով «կեղծ»։

 

  • Կիսվել: