չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Կարծում եմ՝ Վլադիմիր Պուտինի հետ կրկին զրույցելն օգտակար կլինի. Մակրոն

Կարծում եմ՝ Վլադիմիր Պուտինի հետ կրկին զրույցելն օգտակար կլինի. Մակրոն

Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում է Le Monde-ը։

Մակրոնը, մասնավորապես, ասել է. «Ես կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինի հետ կրկին զրույցելն օգտակար կլինի։ Մենք՝ եվրոպացիներս և ուկրաինացիներս, շահագրգռված ենք գտնելու այս քննարկումներին պատշաճ կերպով վերստին մասնակցելու շրջանակ։ Հակառակ դեպքում մենք կքննարկենք միմյանց հետ և բանակցողների հետ, ովքեր առանձին բանակցություններ կվարեն ռուսական կողմի հետ, ինչն օպտիմալ չէ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական միությունը որոշել է ֆինանսավորել Ուկրաինային առնվազն երկու տարի՝ 90 միլիարդ եվրոյի համատեղ վարկի միջոցով: Այս օգնությունը կլինի զրոյական տոկոսադրույքով վարկի տեսքով, քանի որ 27 անդամ պետությունները չեն կարողացել համաձայնության գալ Կիևին աջակցելու համար սառեցված ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ այս ֆինանսավորմամբ ԵՄ-ն «հստակ ուղերձ» է հղում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Այս պատերազմը արժանի չէ այդ գնին», – հայտարարել է Մերցը՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահը «կգնա զիջումների միայն այն ժամանակ, երբ հասկանա, որ իր պատերազմը իրեն ոչինչ չի բերի»։

Նշենք, որ ՌԴ նախագահը նախկինում հույս էր հայտնել, որ Եվրոպան կվերադառնա Մոսկվայի հետ երկխոսության ուղուն։

  • Կիսվել: