հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կարմիր ծովում հարձակման է ենթարկվել Նորվեգիայի դրոշի տակ նավարկող STRINDA նավը

Կարմիր ծովում հարձակման է ենթարկվել Նորվեգիայի դրոշի տակ նավարկող STRINDA նավը

Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող տարածքներից հականավային թևավոր հրթիռ է արձակվել առևտրային լցանավի վրա, որի հետևանքով նավում հրդեհ է բռնկվել, պատճառվել է նյութական վնաս, սակայն տուժածներ չկան։

Reuters գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ ռազմական գերատեսչության իր աղբյուրին, հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բաբ ալ Մանդեբ նեղուցի հյուսիսում, որը կապում է Կարմիր ծովը և Ադենի ծոցը։

Հարձակման է ենթարկվել STRINDA լցանավը, որը նավարկում էր Նորվեգիայի դրոշի ներքո։ Այն Մալայզիայից բեռնել էր բուսական յուղ և բիովառելիք և ուղևորվում էր դեպի Վենետիկ։ Պարզ չէ՝ արդյոք նավը որևէ առնչություն ուներ Իսրայելի հետ։

«Հարձակման պահին մոտակայքում ամերիկյան նավեր չկային, սակայն ԱՄՆ ռազմածովային ուժերի «Մեյսոն» կործանիչն արձագանքել է STRINDA-ի օգնության կանչին, և այժմ օգնություն է ցուցաբերում», - X սոցիալական հարթակում գրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, որը վերահսկում է Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերը։

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող ռազմական գործողությունների ընթացքում հութիները, ինչպես նաև, այսպես կոչված, «Դիմադրության առանցքի» մի շարք այլ խմբեր, որոնց կապում են Իրանի հետ, հարվածում են իսրայելական և ամերիկյան թիրախների։

Հութիները հայտարարել են, որ կթիրախավորեն Իսրայել ուղևորվող բոլոր նավերը՝ անկախ նրանից, թե ո՛ր երկրին են դրանք պատկանում։

Դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում միջազգային ջրերում հութիների կողմից հարձակման է ենթարկվել 3 առևտրային նավ․ ամերիկյան կործանիչը ստիպված է եղել միջամտել պատասխան հարվածներով։

  • Կիսվել: