չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կանգնեցնել «նողկալի պատերազմը»․ Հռոմի պապի կոչը՝ միջազգային հանրությանը

Կանգնեցնել «նողկալի պատերազմը»․ Հռոմի պապի կոչը՝ միջազգային հանրությանը

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը, շարունակելով Ռուսաստանի հասցեին իր ոչ բացահայտ քննադատությունը, հակամարտությունն Ուկրաինայում անվանել է չարդարացված, «անիմաստ սպանդ» ու կոչ է արել միջազգային հանրության առաջնորդներին կանգնեցնել «այդ նողկալի պատերազմը», տեղեկացրել է Reuters-ը։

«Ուկրաինայի դեմ բռնի ագրեսիան, ցավոք, չի մարում»,- իր ամենշաբաթյա կիրակնօրյա ուղերձի եւ օրհնության ժամանակ ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում։

«Դա անիմաստ սպանդ է, որտեղ ամեն օր կոտորած եւ վայրագություններ են տեղի ունենում»,- ասել է Ֆրանցիսկոսը։

«Ես խնդրում եմ միջազգային հանրության բոլոր մասնակիցներին իսկապես պարտավորվել՝ կանգնեցնելու այդ նողկալի պատերազմը»,- ասել է Հռոմի պապը՝ ի պատասխան ստանալով ամբոխի հավանության բացականչություններն ու ծափերը։

«Այս շաբաթ հրթիռներն ու ռումբերն անգամ ընկնում են խաղաղ բնակիչների, տարեց մարդկանց, երեխաների եւ հղի կանանց վրա»,- ասել է նա։

Ֆրանցիսկոս Առաջինը պատմել է նաեւ շաբաթ օրը Հռոմի հիվանդանոց կատարած իր այցելության մասին, որտեղ բուժում են ստանում Ուկրաինայում վիրավորված երեխաները։

  • Կիսվել: