Իվաշչենկոն՝ Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օլեգ Իվաշչենկոյին, որը մինչ այս ղեկավարում էր Ուկրաինայի արտաքին հետախուզության գլխավոր վարչությունը, նշանակել է երկրի հետախության գլխավոր վարչության ղեկավար։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր տելեգրամյան ալիքում:
Նա, մասնավորապես, գրել է. «Այսօրվանից Օլեգ Իվաշչենկոն մեր երկրի ծառայությունը կշարունակի և կիրականացնի ռուսական ռազմական ներուժի սահմանափակման առաջադրանքները՝ որպես Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովին նշանակել էր նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնում։
Նշենք նաև, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական էր տվել նոյեմբերի 28-ին։ Երմակը հրաժարական էր տվել ուկրաինական ատոմակայանների օպերատորի՝ «Էներգոատոմի» շուրջ կոռուպցիոն սկանդալի ֆոնին։


