հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իտալիայում կարող են արտակարգ դրության ռեժիմ հայտարարել միգրացիոն խնդիրների պատճառով

Իտալիայում կարող են արտակարգ դրության ռեժիմ հայտարարել միգրացիոն խնդիրների պատճառով

Իտալիայի իշխանությունները չեն բացառում արտակարգ դրության հայտարարումը միգրացիոն խնդրի պատճառով: Նման հայտարարություն է արել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության և ծովային քաղաքականության նախարար Նելլո Մուզումեչին։ Այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Դա շատ հավանական է: Մենք խոսում ենք մի երևույթի մասին, որն անցյալում երբեք չի եղել: Սիցիլիան, Լամպեդուզան, Կալաբրիան, Ապուլիան միայնակ չեն կարող հաղթահարել այս արտակարգ իրավիճակը: Անհրաժեշտ է դիմել բացառիկ միջոցների», – ասել է նա Radio 1-ի եթերում:

Ինչպես հաղորդում է Rai News 24 հեռուստաալիքը, ապրիլի 7-ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 3 հազար մարդ է փրկվել Միջերկրական ծովում՝ Կալաբրիայի և Սիցիլիայի ափերի մոտ իրականացված գործողությունների ընթացքում։ Զանգվածային լրատվամիջոցների տեղեկությամբ՝ միգրացիոն խնդիրը կքննարկվի այսօր Իտալիայի նախարարների խորհրդի նիստի ժամանակ։ Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են միգրացիայի խնդրի համաեվրոպական լուծումների անհրաժեշտության մասին։

Մարտի 9-ին Իտալիայի կառավարությունը հավանություն է տվել այն հրամանագրին, որը նախատեսում է պատժի խստացում՝ մինչև 30 տարվա բանտարկություն, ծովով միգրանտների անօրինական փոխադրողների համար: Միգրացիայի թեման կրկին սրվել է Իտալիայի Կալաբրիայի հարավային շրջանի ափերի մոտ տեղի ունեցած վերջին ողբերգության պատճառով։ Փետրվարի 26-ին տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհվել էր առնվազն 90 մարդ:

  • Կիսվել: