Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայում հրադադարի խախտման համար
Պաղեստինյան ՀԱՄԱՍ զինվորական խմբավորումը խախտել է Գազայում հրադադարի մասին ձեռք բերված համաձայնագիրն այն բանից հետո, երբ իսրայելական բանակի սպան վիրավորվել է պայթուցիկ սարքի պայթեցման հետևանքով։ Այս մասին ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ռաֆահայի շրջանում։
Իսրայելական կողմը հայտնել է, որ ակնկալում է, որ պաղեստինյան խմբավորումը լիարժեքորեն կպահպանի հրադադարի պայմանները և զերծ կմնա գործողություններից, որոնք կարող են խաթարել ձեռք բերված պայմանավորվածությունները։
Իր հերթին ՀԱՄԱՍ-ը հերքել է իր մասնակցությունը պայթյունին, որի հետևանքով վիրավորվել է իսրայելցի սպան։ Ըստ խմբավորման բարձրաստիճան ներկայացուցչի՝ Ռաֆահայում տեղի ունեցած պայթյունը պայմանավորված է եղել Իսրայելի կողմից նախկինում տեղադրված ռումբերի պայթյունով։
Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ իրենք շահագրգռված են Գազայում հրադադարի պահպանմամբ:


