երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իսրայելը դադարել է Սիրիային հարվածելու մասին նախազգուշացնել Ռուսաստանին. Bloomberg

Իսրայելը դադարել է Սիրիային հարվածելու մասին նախազգուշացնել Ռուսաստանին. Bloomberg

ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի սկսվելուց հետո Իսրայելը դադարեցրել է նախազգուշացնել Ռուսաստանին՝ Սիրիայի տարածքում օբյեկտների վրա հարձակումներից առաջ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Հոկտեմբերի 30-ին իսրայելական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Հարավային Դարյա նահանգում գտնվող սիրիական ռազմակայանը: Օրեր առաջ Իսրայելը հարված էր հասցրել Սիրիայի հարավում գտնվող խոշոր ռազմակայանի զենքի պահեստին, որտեղ սիրիական ուժերի հետ տեղակայված են իրանցի սպաներ և լիբանանյան «Հըզբոլլահի» զինյալներ: Բազան գտնվում է այն օբյեկտի կողքին, որի վրա ժամանակ առ ժամանակ հայտնվում են ռուսական ռազմական ուժերը։ 

«Իսրայելն այդ հարվածների մասին Ռուսաստանին չի տեղեկացրել», պնդում են Bloomberg-ի աղբյուրները։ 

Վերջին տասնամյակում, ինչպես գրում է Bloomberg-ը, Սիրիան դարձել է մարտադաշտ։  ԱՄՆ-ն այնտեղ մոտ 1000 զինծառայող է տեղակայել իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարելու համար, Թուրքիան հյուսիսում պայքարում է քրդական խմբավորումների դեմ, իսկ Իրանն ու Ռուսաստանն օգնում են նախագահ Բաշար Ասադին մնալ իշխանության ղեկին: 

Դրա հետ մեկտեղ պարբերաբար հարվածներ է հասցրել Սիրիայի թիրախներին նաև Իսրայելը՝ հիմնականում «Հեզբոլլահի» գրոհայիններին խանգարելու կամ իր հյուսիս-արևելյան սահմանի անվտանգությունն ապահովելու համար: 2015 թվականից ի վեր Ռուսաստանը միացել է սիրիական պատերազմին, երկրները համակարգել են իրենց գործողությունները՝ ապահովելու համար, որ իրենց ուժերը սխալմամբ չհանդիպեն կամ գնդակոծեն միմյանց:

Սակայն, Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Մոսկվան ամրապնդել է Իրանի հետ դաշինքը, ինչը սրել է հարաբերությունները Իսրայելի հետ։  Բացի այդ, Իսրայելը խստորեն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության այցը Մոսկվա:

Իսրայելական կողմից նախազգուշացումների դադարեցումը թերթն անվանում է Իսրայելի քաղաքականության առանցքային տեղաշարժ:  Դա, ինչպես գրում է Bloomberg-ը, վատթարացնում է Իսրայելի և Ռուսաստանի առանց այդ էլ բարդ հարաբերությունները: 

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է լրագրողներին մեկնաբանել նախազգուշացումների վերջին բացակայությունները:

 

  • Կիսվել: