ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իսրայելը չի համապատասխանում առանց վիզայի ԱՄՆ մուտք ունենալու պահանջներին․ պետքարտուղարությունը հակասել է Նեթանյահուի հայտարարությանը

Իսրայելը չի համապատասխանում առանց վիզայի ԱՄՆ մուտք ունենալու պահանջներին․ պետքարտուղարությունը հակասել է Նեթանյահուի հայտարարությանը

Իսրայելը չի համապատասխանում առանց վիզայի ԱՄՆ մուտք ունենալու պահանջներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը: Նրա հայտարարությունը հակասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այն պնդմանը, թե Իսրայելի քաղաքացիները կկարողանան ԱՄՆ անայցագիր մուտքի հնարավորություն ստանալ:

«Իսրայելի ապագա ընդգրկումը վիզային ռեժիմի չեղարկման ծրագրին փոխշահավետ է ԱՄՆ-ի և Իսրայելի համար: Եվ մենք շարունակում ենք աշխատել այս հարցի շուրջ։ Մենք շարունակում ենք աշխատել մեր իսրայելցի գործընկերների հետ՝ բոլոր պահանջները կատարելու ուղղությամբ։ Սակայն այս պահին Իսրայելը չի բավարարում բոլոր պահանջները: Եվ վիզաների չեղարկման ծրագրին համապատասխանելու համար Իսրայելը դեռևս զգալի աշխատանք ունի կատարելու կարճ ժամանակում, որպեսզի բավարարի այդ բոլոր պահանջները մինչև ֆինանսական տարվա ավարտը, որը սեպտեմբերի 30-ին է», - նշել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Պատելը հավելել է, որ Իսրայելը, ինչպես ծրագրում ընդգրկված բոլոր երկրները, պետք է փոխադարձաբար ապահովի ԱՄՆ քաղաքացիների ազատ մուտքն ու տեղաշարժն իր տարածքով՝ անկախ ազգային պատկանելությունից և կրոնից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր Twitter-ի էջում հայտնել էր, որ Իսրայելի քաղաքացիները կկարողանան ԱՄՆ անայցագիր մուտքի հնարավորություն ստանալ ընթացիկ տարվա սեպտեմբերին։ 

  • Կիսվել: