Իսրայելի հարվածներից վնասվել է ԻՀՊԿ տիեզերական կենտրոնը․ AP
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տիեզերական կենտրոնը, որտեղ արտադրվում են բալիստիկ հրթիռներ և արձակվում տիեզերական հրթիռներ, վնասվել է հոկտեմբերի 26-ին իսրայելական գնդակոծության հետևանքով։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
«Planet Labs PBC-ի բարձր լուծաչափի արբանյակային լուսանկարները, որոնք ստացվել և վերլուծվել են AP-ի կողմից, ցույց են տվել, որ վնաս է հասցվել Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտավորապես 370 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող Սեմնանի «Շահրուդ» տիեզերական կենտրոնին», - ասվում է հրապարակման մեջ:
Ինչպես նշում է գործակալությունը, լուսանկարներում երևում են տիեզերական կենտրոնի կենտրոնական շենքի, մի քանի հարևան շենքերի և հանգարի վնասվածքները։ Շրջակայքում ավտոմեքենաներ են երևում, որոնցով, հավանաբար, մասնագետներ են ժամանել վնասը գնահատելու համար, գլխավոր դարպասների մոտ «սովորականից ավելի շատ մեքենաներ» են կայանված։
«Մենք չենք կարող 100 տոկոսով բացառել այն հնարավորությունը, որ դա այլ բան է, բայց գրեթե կասկած չկա, որ այս շենքը վնասվել է իսրայելական գրոհի հետևանքով», - AP-ն մեջբերում է Իրանի գծով փորձագետ, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի գիտաշխատող Ֆաբիան Հինցի խոսքը: