երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսպանիայում կորոնավիրուսի նոր՝ «Էրիս» տարբերակով վարակվել է ավելի քան 120 մարդ

Իսպանիայում կորոնավիրուսի նոր՝ «Էրիս» տարբերակով վարակվել է ավելի քան 120 մարդ

Իսպանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի EG.5՝ «Էրիս» տարբերակով վարակման ավելի քան 120 դեպք, որոնցից 52-ը բաժին է ընկնում Կատալոնիային։ Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները։

Պարբերականը նշում է, որ Կատալոնիայում կորոնավիրուսի EG.5 տարբերակն առաջին անգամ հայտնաբերվել է հունիսի 8-ին: Ինչպես պարզաբանել են բժիշկները, տեղի հիվանդանոցներում հոսպիտալացվածների թվի աճի պատճառը կարող է լինել կորոնավիրուսի նոր տարբերակը։

Ըստ իսպանական մամուլի՝ այժմ թագավորությունում ավելացել են կորոնավիրուսով վարակման դեպքերը։ Եթե հուլիսի սկզբին 100.000 բնակչի հաշվով 29 դեպք էր արձանագրվել, ապա այժմ այդ թիվը մոտենում է 90-ի։ Ամենից հաճախ հիվանդությունը թեթև ընթացք ունի։

Հուլիսի 4-ին Իսպանիայի կառավարությունը հայտարարեց երկրում COVID-19 համաճարակի ավարտի մասին և վերացրեց դիմակների պարտադիր կրումը։

EG.5 տարբերակն առաջին անգամ բժիշկները հայտնաբերել են այս տարվա փետրվարին, սակայն այն սկսել է արագորեն տարածվել աշխարհով մեկ շատ ավելի ուշ՝ այս տարվա ամռանը։

Հուլիսի 10-ից օգոստոսի 6-ը աշխարհում մոտ 1,5 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, որոնցից մահացել է ավելի քան 2,5 հազար մարդ։ Վարակվածների թիվը նախորդ 28 օրվա համեմատ աճել է 80 %-ով, իսկ մահացությունների թիվը՝ նվազել 57 %-ով։

  • Կիսվել: