չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իսպանիայում և Ֆրանսիայում անոմալ շոգ է

Իսպանիայում և Ֆրանսիայում անոմալ շոգ է

Հանգստյան օրերին Իսպանիայում հաստատվել է տարվա այս շրջանի համար անոմալ բարձր ջերմաստիճան։ Հինգշաբթի օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում բարձրացել է 40 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի: Գիշերը նույնպես այն անսովոր բարձր է՝ 20-25 աստիճան: Նման ծայրահեղ շոգ եղանակ չի նկատվել 1981 թվականից ի վեր:

Կատալոնիայի արևմտյան մասում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ, որոնք արդեն ընդգրկել են 1600 հեկտար տարածք։ Կրակի մարման գործողության ժամանակ օգտագործվում են հրշեջ ուղղաթիռներ։

Եթե Իսպանիայի արևմուտքում շաբաթ օրվանից շոգը սկսի թուլանալ, ապա, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, երկրի արևելյան շրջանի բնակիչներին հանգստյան օրերին սպասվում է 43 աստիճան տաքություն:

Ծայրահեղ շոգ է նաև եվրոպական այլ երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում: Ուրբաթ օրվանից անոմալ ջերմաստիճանի պատճառով կարմիր տագնապի ռեժիմ է մտցվել երկրի 12 դեպարտամենտում։ Սա նշանակում է, որ շոգը կարող է լուրջ վտանգ ներկայացնել մարդկանց առողջությանն ու կյանքին:

  • Կիսվել: