երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Զերծ մնացեք բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց. ՇՄՆ

Զերծ մնացեք բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց. ՇՄՆ

Համացանցում հերթական տեսանյութերն են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են որոշ ժամանցի վայրեր, հյուրանոցային համալիրներ և հանգստյան գոտիներ կերակրում «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների վերարտադրության կենտրոնից» բնություն բաց թողնված եղջերուներին՝ դրանք օգտագործելով որպես այցելուների համար ժամանցային հետաքրքրության առարկա։ Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարությունը և կրկին զգուշացրել զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններից։

«Բնություն վերադարձված եղջերուները վայրի կենդանիներ են, և նրանց բնական վարքագծի փոփոխությունը վտանգում է վերականգնման ծրագրի արդյունավետությունը, խաթարում կենդանիների բնական կենսակերպը և մեծացնում մարդու հետ շփումից բխող ռիսկերը։

Տեղեկացնում ենք, որ առաջիկայում հյուրանոցային համալիրներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում, կիրականացվեն ստուգայցեր։

Օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման դեպքերում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում նյութերը կփոխանցվեն իրավասու մարմիններին։

Հորդորում ենք բոլոր տնտեսվարողներին և քաղաքացիներին ցուցաբերել պատասխանատու վերաբերմունք և չմիջամտել վայրի կենդանիների բնական կենսագործունեությանը։ Միայն այդպես հնարավոր կլինի ապահովել ազնվացեղ եղջերուների վերականգնման ծրագրի երկարաժամկետ հաջողությունն ու Հայաստանի վայրի բնության պահպանությունը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: