երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Ադրբեջանի հետ ԵՄ գազային գործարքը

Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Ադրբեջանի հետ ԵՄ գազային գործարքը

Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Ադրբեջանից գազի մատակարարումն ավելացնելու ԵՄ-ի գործարքը, որի նպատակն է Եվրոպան ապահովել էներգիայի ոչ ռուսական աղբյուրներով, գրում է The Guardian-ը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվի հետ համաձայնության է եկել հարավային գազային միջանցքը՝ 3500 կմ երկարությամբ գազատարն ընդլայնելու հարցում, որը Կասպից ծովից գազը հասցնելու է Եվրոպա։ Ադրբեջանը ներկայացվել է որպես «կարևոր» և «վստահելի» էներգետիկ գործընկեր:

«Ալիևը, որն իր իշխանության 19 տարիների ընթացքում ղեկավարել է երկրում մոլեգնող կոռուպցիան և ակտիվիստների ու անկախ լրատվամիջոցների ճնշումները, էներգետիկայի ոլորտում ԵՄ-ի հետ ստորագրած փոխըմբռնման հուշագիրն անվանել է «ապագայի ճանապարհային քարտեզ»»,- գրում է պարբերականը:

Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է 2027 թվականին Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումը հասցնել տարեկան 20 մլրդ խորանարդ մետրի՝ ներկայիս 8 միլիարդի դիմաց: Մինչև 2023 թվականը մատակարարումները կհասնեն 12 միլիարդի:

Ակնկալվում է, որ էներգետիկ համաձայնագիրը ճանապարհ կհարթի ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ավելի խոր համագործակցության համար՝ առևտրի, ավիացիայի և Բաքվի նավահանգստի զարգացման հարցերում։

Human Rights Watch-ը հայտարարել է, որ ԵՄ-ն չպետք է ստորագրեր հուշագիր և չկնքեր նոր երկկողմ համաձայնագիր Ադրբեջանի հետ՝ չպահանջելով քաղաքական բարեփոխումներ, ներառյալ բազմաթիվ քաղբանտարկյալների ազատ արձակումն ու օրենքների փոփոխությունները, որոնք խիստ սահմանափակում են հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների գործունեությունը:

Ադրբեջանը նավթն ու գազն օգտագործում է «ԵՄ-ին հիմնարար իրավունքների հարցերում լռեցնելու համար»՝ ասել է Human Rights Watch-ի ԵՄ տնօրենի պաշտոնակատար Ֆիլիպ Դամը։ «Իրականությունն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները հայտնի են նրանով, որ ճնշում են կոռուպցիան հետաքննող քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, հատկապես երբ խոսքը վերաբերում է նավթին ու գազին: ԵՄ-ն չպետք է ասի, որ Ադրբեջանը վստահելի է, երբ այնտեղ սահմանափակվում է քաղաքացիական հասարակության խմբերի գործունեությունը, ջախջախվում է քաղաքական այլախոհությունը»,- ասել է Դամը:

  • Կիսվել: