ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Իրաքում առևանգել են իսրայելցի հայտնի լրագրողի, որը բացահայտում էր 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումը

Իրաքում առևանգել են իսրայելցի հայտնի լրագրողի, որը բացահայտում էր 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումը

Մի քանի ամիս առաջ Իրաքում անհետացած Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի Էլիզաբեթ Ցուրկովը պատանդ է վերցվել շիաների «Քաթայիբ Հըզբոլլահ» խմբավորման կողմից։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը, փոխանցում է factor.am-ը:

«Էլիզաբեթ Ցուրկովը դեռ ողջ է, մենք կարծում ենք, որ նրա ճակատագրի և անվտանգության պատասխանատվությունը կրում է Իրաքը»,- ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի համապատասխան մարմինները զբաղվում են խնդրով։

Նշվում է, որ Ցուրկովը գիտնական է, որը մեկնել է Իրաք սեփական նախաձեռնությամբ՝ դոկտորական ատենախոսություն գրելու և ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի համար հետազոտություններ կատարելու նպատակով։ Քանի որ Իսրայելի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Իրաք, նա օգտագործել է իր ռուսական անձնագիրը։

Հավելենք, որ Ցուրկովը նաև լրագրող է, Մերձավոր Արևելքի ուսումնասիրություններով հայտնի հետազոտող։ Նա առաջիններից էր, որն Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ ու դրա ընթացքում բացահայտում և լուսաբանում էր, թե ինչպես է Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխում Ադրբեջան՝ ԼՂ-ի դեմ ագրեսիային մասնակցելու համար։ Նա նման բովանդակությամբ մի շարք հրապարակումներ ունի։

Իսրայելցի անանուն դիվանագետն էլ Jerusalem Post-ին հայտնել է, որ Ցուրկովն անհետ կորել է մարտից: Թվիթերում նրա վերջին գրառումն արված է մարտի 21-ին:

  • Կիսվել: