երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանը պատժամիջոցներ է սահմանում ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի ֆիզիկական, իրավաբանական անձանց և կազմակերպությունների դեմ

Իրանը պատժամիջոցներ է սահմանում ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի ֆիզիկական, իրավաբանական անձանց և կազմակերպությունների դեմ

Իրանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ԵՄ երկրների 15 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց, կառույցների և կազմակերպությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ութ ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այս մասին հայտնել է իրանական «Ալ Ալամ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցների ցուցակում հայտնված անձինք մեղադրվում են «ահաբեկչությանը, ահաբեկչական խմբավորումներին և Իրանի ժողովրդի դեմ ուղղված բռնությանը աջակցելու, Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերին միջամտելու, Իրանում բռնության և անկարգությունների կոչ անելու, ստի  և երկրի մասին կեղծ տեղեկությունների տարածման մեջ»:

Սև ցուցակում ընդգրկված էին, ի թիվս այլոց, Ֆրանսիայի իրավահավասարության հարցերով պատվիրակ Իզաբել Ռոմը, Ֆրանսիայի արդյունաբերության նախարար Ռոլան Լեսկյուրը, ֆրանսիացի քաղաքական գործիչներ Միշել դե Վոկուլյորը և Յանիկ Ժադոն, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ Ռենատա Ալտը և Ռոդերիխ Կիզեվետերը, բրիտանացի մի քանի բարձրաստիճան զինվորականներ, Եվրոպայում գործող մի շարք  հրեական կազմակերպությունների ներկայացուցիչներ ։ Սահմանափակումներ են մտցվել նաև եվրոպական մի շարք ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ (այդ թվում՝ Krauss-Maffei Wegmann GmbH & Co KG ինժեներական ընկերությունը, Quantum-Systems GmbH տեխնոլոգիական ընկերությունը, գերմանական ThyssenKrupp Marine Systems նավաշինական ընկերությունը, եվրոպական առաջատար ծրագրավորող և արտադրող MBDA հրթիռային համակարգերի, ֆրանսիական Thales Group ընկերությունը, որն արտադրում է տեղեկատվական համակարգեր օդատիեզերական, ռազմական և ծովային կիրառությունների համար, գերմանական HENSOLDT կորպորացիան, որն արտադրում է ռադարներ, օպտոէլեկտրոնիկա և ավիոնիկա): Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Քրիստոնյաները հանուն Իսրայելի» (Նիդեռլանդներ), Իսրայելի մասին փաստաթղթավորման և տեղեկատվության կենտրոնը (CIDI, Նիդեռլանդներ) և Իսրայելի համար եվրոպական կոալիցիան (Բելգիա) կազմակերպությունները։

Սահմանված պատժամիջոցները ներառում են «Իրանի ֆինանսական և բանկային համակարգերում հաշիվների և գործարքների արգելափակում, Իրանի իրավասության շրջանակներում գտնվող ակտիվների արգելափակում, ինչպես նաև վիզաների տրամադրման և Իսլամական Հանրապետության տարածք մուտքի արգելում»: ։

Երկուշաբթի օրը ԵՄ խորհուրդը նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ՝ երկրում մարդու իրավունքների ենթադրյալ ոտնահարման պատճառով՝ սև ցուցակում ներառելով ևս 32 ֆիզիկական անձանց և 2 կազմակերպությունների: Երեքշաբթի օրը Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց հակապատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին՝ ի պատասխան ԵՄ կողմից ձեռնարկված սահմանափակող միջոցների։

  • Կիսվել: