չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանը հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ պաշտոնական հարաբերություններն ակտիվացնելու մասին

Իրանը հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ պաշտոնական հարաբերություններն ակտիվացնելու մասին

Իրանի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները երեկ՝ ապրիլի 6-ին հանդիպում եւ դրական զրույց են ունեցել Պեկինում, լրագրողներին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանաանին՝ հայտարարելով Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ պաշտոնական հարաբերությունների ակտիվացման մասին, տեղեկացրել է Mehr-ը։

Բարձրաստիճան իրանցի դիվանագետն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության կարեւորությունը։

Երկու երկրների՝ երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում ընդլայնելու քաղաքական կամքի շրջանակում նրանք ընդգծել են, որ պատրաստ են իրականացնել գոյություն ունեցող բազային համաձայնագրերը երկու երկրների միջեւ, ներառյալ երկկողմ համագործակցության մասին համապարփակ համաձայնագիրը եւ անվտանգության մասին համաձայնագիրը, եւ այդ հիման վրա որոշվել է աստիճանաբար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, շարունակել է նա։

Քանաանին նաեւ նշել է, որ հարաբերությունների ընդլայնումը տնտեսական ոլորտում, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, քննարկման թեմաներից մեկն է եղել։

Նա ավելացրել է, որ երկու երկրների կառավարական եւ մասնավոր պատվիրակությունները հանդիպում կունենան, որպեսզի առեւտրային եւ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու, ինչպես նաեւ համատեղ ներդրումների զարգացման հնարավորություններ ընձեռվեն։

Երկու կողմերը նաեւ պայմանավորվել են ստեղծել ավիագծեր՝ երկու երկրների միջեւ ավիահաղորդակցությունը դյուրինացնելու համար, նշել է նա։

Քանաանիի խոսքով՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է վիզաների տրամադրման եւ վիզային ծառայությունների մատուցման կարգը հեշտացնելու կարեւորությունը երկու երկրների քաղաքացիների համար։

«Մենք դարձել ենք երկու երկրների միջեւ բարենպաստ եւ դրական բանակցությունների վկաները, եւ մենք կարող ենք ասել, որ այսօր պաշտոնական հարաբերությունները երկու երկրների միջեւ ակտիվացվել են, եւ այս առնչությամբ մենք աստիճանաբար կդառնանք կառավարական եւ մասնավոր մակարդակներում տարբեր պատվիրակությունների փոխանակումների վկաները»,- ընդգծել է բարձրաստիճան դիվանագետը։

Հինգշաբթի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը սաուդցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո Չինաստանի մայրաքաղաքում ընթացած բանակցություններն անվանել է դրական։ 

  • Կիսվել: