ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իրանը չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն. Աբդոլլահիան

Իրանը չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն. Աբդոլլահիան

Իրանը չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և առկա տարանցիկ երթուղիների արգելափակում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Գրում են իրանական լրատվամիջոցները։

«Եկել է լարվածության, հակամարտությունների շրջանը հետևում թողնելու ու Կովկասում խաղաղության և համագործակցության շրջանն առաջ շարժվելու ժամանակը։ Իլհամ Ալիևի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերին և երկխոսություններին»,– ասել է նա։

Աբդոլլահիանը հայտնել է նաև, որ Ֆիդանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել Իրան– Թուրքիա–Ադրբեջան բանակցությունների ձևաչափ ստեղծելու մասին, որն առաջարկել է Թուրքիայի արտգործնախարարը՝ կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը նպաստելու համար:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չմիավորման շարժման ֆորումի շրջանակներում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպմանը վստահեցրել էր, որ Բաքուն թույլ չի տա օգտագործել իր տարածքը Թեհրանին սպառնալու համար։ Իր հերթին Աբդոլլահյանն ասել է, որ Իրանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև երկխոսության շարունակման, Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման օգտին, սակայն դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։

  • Կիսվել: