Իրանն ու Սիրիան քննարկել են Լիբանանում Իսրայելի հարձակումները դադարեցնելու ուղիները
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին քննարկել են Լիբանանում Իսրայելի հարձակումները դադարեցնելու ուղիները, հայտնում է Tasnim-ը։
Շաբաթ օրը Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ Սիրիայի նախագահը և Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել են Իսրայելի հարվածների հետևանքով տեղահանված լիբանանցիներին աջակցելու անհրաժեշտությունը:
Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը այլընտրանք չունի, քան դադարեցնել մարդկանց զանգվածային սպանությունները Լիբանանում և Գազայում և թույլ տալ մարդկանց օգտվել իրենց օրինական իրավունքներից:
Նա նաև բարձր է գնահատել Սիրիայի և Իրանի միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը և նրանց համագործակցությունը տարածաշրջանի երկրների առջև ծառացած մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում, «առաջին հերթին արաբական տարածքների իսրայելական օկուպացիայի և Պաղեստինում, Լիբանանում ու Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունների առումով»: