ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանն ու Օմանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Հորմուզի նեղուցում

Իրանն ու Օմանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Հորմուզի նեղուցում

Իրանի և Օմանի ռազմածովային ուժերի համատեղ վարժանքներն անցկացվել են Իրանի Իսլամական Հանրապետության Հորմուզի նեղուցի տարածքային ջրերում: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr News գործակալությունը։

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը և Օմանի Սուլթանությունը երկկողմ փրկարարական վարժանքներ են անցկացրել Հորմուզի նեղուցի ջրերում: Զորավարժությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ երկու կողմերն էլ համաձայնության են եկել ընդլայնել ռազմական համագործակցությունը։
 
Զորավարժություններին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության բանակի մի շարք ռազմածովային ստորաբաժանումներ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային նավատորմի ստորաբաժանումները, իրավապահ մարմինների ստորաբաժանումները, ինչպես նաև Օմանի Սուլթանության ռազմածովային կազմավորումները՝ Իրանի Իսլամական Հանրապետության ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ:
 
Զորավարժություններին ներկա են եղել նաև երկու երկրների ռազմական բարեկամության համատեղ հանձնաժողովների ղեկավարները: Վարժանքները ցույց են տվել ուսումնական ծրագրերի հաջող իրականացումը, փորձի փոխանակումը և ռազմական անձնակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացումը:

  • Կիսվել: